Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, քանի որ այն երկրում կառավարման ճահճացած համակարգից ելքի հնարավորություններ է ստեղծում: Այդ մասին մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ծառուկյան» խբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք միացել ենք այս շարժմանը, քանի որ այն հնարավորություն է ստեղծում վերջապես ազատվելու «մեր դեմ խաղ չկա», «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք Ադամյանով» արտահայտություններից, որոնք վաղուց արդեն վերածվել են իշխանական ագիտպրոպի մանտրայի, ու ոմանք արդեն սկսել էին հավատալ որպես անխուսափելի, ցմահ ազատազրկման:
Մենք միացել ենք այս շարժմանը, որպեսզի մեր երկրում այլևս մի գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո էլ՝ Հանրապետական, հետո՝ «Էսսեռ», հետո՝ բոլշևիկ, հետո՝ մենշևիկ ու հիմա էլ, երևի թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Մենք միացել ենք շարժմանը, որպեսզի մեր երկրում այլևս ուսուցչին չսարքեն ընտրակեղծարար, որպեսզի այլեւս մեր երկրում չլինեն ճնճղուկի հոգով բազեներ, ում համար գերագույն արժեքը դոշին խփված իշխանության զնաչոկն է»,- ասել է Զոհրաբյանը:
Նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, որպեսզի մեր երկում քաղաքացին այլևս չլինի ընտրական առևտրի առարկա, որի վրա կարելի է շաբաշի նման 10 հազար դրամ շպրտել ու շարունակել ստորացնել։
Նշենք, որ այժմ ողջ հնրապետությունը հետևում է այն բանին, թե ինչ է տեղի ունենում Ազգային ժողովում: Մի քանի տասնյակ հազար մարդ «Քայլ արա» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքվել է Հանրապետության հրապարակում և սպասում է ԱԺ արտահերթ նիստի արդյունքներին, որտեղ այսօր քննարկվում է վարչապետի թեկնածությունը: