Արմինֆո. Հանրապետականները սխալմամբ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ազգային համաձայնության կոչերը որպես թուլություն են գնահատել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Համենայն դեպս, նման կարծիք է ձևավորվում խորհրդարանում նրանց ելույթներին և Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին հետևելիս: Կարծում եմ, որ ՀՀԿ-ում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունենում երկրում, և եթե չեն ցանկանում քաղաքական ցունամի ստանալ, այնուամենայնիվ, պետք է սթափվեն»,- նշել է նա:
Վերլուծաբանը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից հանրապետական պատգամավորների նկատմամբ ճնշում է տեսնում՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով: Ըստ նրա, նման ճնշմանը հակազդման լավագույն միջոցը ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի բոլոր քաղաքների բնակիչների փողոց դուրս գալն է՝ Սփյուռքի աջակցությամբ:
Արզումանյանը գտնում է, որ հիմնական օրակարգի հետ որևէ առնչություն չունեցող իրենց հարցերով հանրապետականները փորձում են շեղել Փաշինյանին: Նրա կարծիքով, այս առումով ճիշտ կլիներ պարզապես ընդհատել այդ հարցերը և անիմաստ բանավեճերի մեջ չմտնել, օրինակ՝ գյուղատնտեսության մասին: Նրա խոսքով, Փաշինյանն այսօր ընտրվում է ժամանակավոր վարչապետ, հետևաբար՝ նրան ուղղված հարցերն էլ պետքէ լինեն ստեղծված իրավիճակի, այլ ոչ թե բարեփոխումների ռազմավարությանն առնչվող:
«Օրինակ, ուշագրավ է այն, թե ինչպես են մարդիկ, ովքեր ստորագրել են Մադրիդյան սկզբունքների տակ, ուժասպառ անում Փաշինյանին Արցախի վերաբերյալ ծամծմված հարցերով: Ըստ որում, ընդհանրապես պարզ չէ, թե ինչ գործ ունի այստեղ Արցախը: Կարևորը վերածնունդն է, որն այսօր ապրում է հայ ժողովուրդը: Այս առումով ժամանակավոր վարչապետի առնչությամբ այսօրվա քվեարկությունը մեծ հաշվով մեր ընդհանուր ապագայի՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ընտրության քվեարկություն է»,- ամփոփել է Արզումանյանը: