Արմինֆո. ՀՅԴ-ն դեռ վերջնական որոշում չունի, սակայն կուսակցության խորհրդարանական խմբակցությունն (7 մանդատ), ամենայն հավանականությամբ, երեկվա հայտարարության համատեքստում՝ առաջադրման դեպքում մայիսի 1-ին կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել, որով առաջարկում էր մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»: «Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասված էր ՀՅԴ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՀՅԴ-ն հայտարարել էր ՀՀԿ հետ կոալիցիոն գործընկերությունից դուրս գալու մասին:
Այսօր որ ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի համար սեփական թեկնածու չի առադրելու: Դրան հաջորդել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի առաջադրվի վարչապետի պաշտոնի համար: