Արմինֆո. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխությունը Հայաստանում չի ավարտվել և պարտադիր կգտնի իր շարունակությունը` մինչև տրամաբանական նպատակի իրացումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այսօր մենք բոլորս ականատես ենք մի ողջ դարաշրջանի փոփոխության, ինչ-որ իմաստով` դարակազմիկ փոփոխությունների: Այդ լույսի ներքո, իմ կարծիքով, Հայկական «թավշյա՚ հեղափոխության երկրորդ և երրորդ փուլերը, պարզապես, անխուսափելի են: Երկրորդը` հեղափոխականներից ստեղծված ժամանակավոր կառավարություն: Երրորդը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին որոշում: Կարծում եմ, որ այդ ամենը բավականին լուրջ է՚, - նշել է պրոֆեսորը:
Սաֆրաստյանը նաև հետագա փուլերում ցնցումներից խուսափելու հույս է հայտնել, ինչպես հաջողվեց առաջին փուլում: Ընդ որում, նրա գնահատմամբ, առայժմ անհնար է կանխատեսել արտահերթ ընտրությունների ընթացքը և, հատկապես, արդյունքները:
«Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների, նույնիսկ, մակերեսային վերլուծության հիման վրա կարելի է փաստել, որ հայկական հեղափոխությունն ունի բավականին լուրջ առաջնորդ: Իսկ նրան աջակցող ուժերի առնչությամբ ասեմ, որ դրանք, ավելի շուտ, ներքին են, քան` արտաքին: Իմ տպավորությունն այն է, որ Փաշինյանին առաջ մղող ուժը, առաջին հերթին, ինքն է և, ինչ-որ չափով, իր ընկերները, որոնց մենք տեսնում ենք: Համենայն դեպս` տվյալ փուլում, - ամփոփել է պրոֆեսորը: