Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է վարչապետի ընտրության օրը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, խոսնակի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Նախօրեին ԱԺ ընդդիմադիր «Ելք՚ խմբակցությունը վարչապետի պաշտոնի համար առաջադրել է բողոքի շարժման առաջնորդ, «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ով հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե ժողովուրդն «իր վրա պատասխանատվություն դնի՚:
Մինչդեռ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույն օրը բացառել է ընդդիմության առաջնորդի թեկնածության օգտին ՀՀԿ խմբակցության անդամների քվեարկելու հնարավորությունը: Նրա ասելով, այդ պաշտոնի համար խմբակցությունը կառաջադրի իր թեկնածուին:
Հավելենք, որ վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանում հավաքել 53 ձայն: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք ընդդիմադիր ուժերը համարում են կեղծված, ՀՀԿ-ն ստացել է բացարձակ մեծամասնություն` 58 ձայն: ՀՅԴ-ն, որը հայտարարել է ՀՀԿ հետ կոալիցիայից դուրս գալու մասին, ԱԺ-ում 7 տեղ ունի: «Ծառուկյան դաշինք՚ կուսակցությունը, որը հայտարարել է ընդդիմության թեկնածուին աջակցելու մասին, ունի 31 մանդատ, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք՚ խմբակցությունը` 9 մանդատ: