Արմինֆո. «Կառավարող ՀՀԿ բոլոր անդամները, առանց բացառության, պետք է հեռանան Հայաստանի քաղաքական ասպարեզից: Եվ ուրեմն` ՀՀԿ հեռացիր՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում ընթացող երթի ընթացքում:
Երթի մասնակիցները հռչակել են նոր կարգախոս. «Մերժիր Սերժին և Կարենին՚: Միևնույն ժամանակ, ոստիկանությունը շրջափակել է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակի շենքի մատույցները, բերվել է մի քանի զրահամեքենա: Ոստիկանները շրջափակել են նաև Բաղրամյան պողոտայի մի քանի մատույցներ: Փաշինյանի ասելով, կառավարող վերնախավը կարծում է, թե մեկ հանրապետականին կարող է փոխարինել մեկ ուրիշով և, այդպիսով, պահպանել իշխանությունը: Սակայն, ինչպես հայտարարել է ընդդիմադիր գործիչը, ժողովուրդն այդքան միամիտ չէ:
Ընդդիմադիր շարժման առաջնորդն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե կառավարության ղեկավարին չի կարելի ընտրել փողոցում, քանի որ այդ գործողությունը նախատեսված է օրենքով և պետք է տեղի ունենա օրենքի շրջանակում: Փաշինյանը նշել է. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, թե մենք ինչի մասին էինք խոսում. Կառավարության ղեկավարին պետք է ընտրի ԱԺ-ն, օրենքին համապաատսխան, նրան պետք է առաջադրի խմբակցությունը, իսկ մինչ այդ հրապարակում հավաքված ժողովուրդը պետք է տա իր համաձայնությունը՚: