Արմինֆո.Ապրիլի 23-ին «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն են տարածել Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը (Սասնա Ծռերի անունից): Հայտարարության տեքստում ասվում է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանցինե՛ր և արտերկրահայե՛ր: Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։ Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։ Ողջունում ենք նաև զինվորականներին, որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։ Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։ Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։ Դուք կարողացաք շարժել համայն հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ Հայրենիքի ու պետականության։ Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային վերածննդի օր։ Փա՛ռք ու պատի՛վ բոլորիդ՚: