Արմինֆո.Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի քսանչորսի ուղերձում, ինչպես և անցած տարի, Հայոց ցեղասպանությունը բնութագրել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) բառակապակցությամբ:
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդման համաձայն, որոնք վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին՚, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ ողջունում է «ցավալի պատմությունը՚ ճանաչելու Թուրքիայի և Հայաստանի ջանքերը: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ մեկևկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք վերհիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները և սգում կորսված կյանքերի, բազմաթիվ տառապյալների համար: Այս պահին մենք նաև ճանաչում ենք այն անհատների խիզախությունը, որոնք ջանքեր են գործադրել՝ վերջ դնելու բռնություններին, և նրանց, ովքեր նպաստել են վերապրածներին օժանդակելուն և համայնքները վերականգնելուն, այդ թվում Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի, որը բռնություններին վերջ տալու ուղիներ էր փնտրում և ավելի ուշ Մերձավոր Արևելքի Օգնության հիմնադրամի միջոցով գումարներ էր հանգանակում հայ ժողովրդին օգնելու համար: Մենք խորին հարգանքով ենք նշում հայ ժողովրդի տոկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում: Հարգելով նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև խորհում ենք մեր հանձնառության մասին՝ երաշխավորելու, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք անցյալի ցավոտ էջերը ճանաչելու և դրանց հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժողական ապագա ստեղծելու ուղղությամբ: Այս հանդիսավոր օրը մենք կանգնած ենք հայ ժողովրդի հետ աշխարհով մեկ՝ հարգելով զոհվածների հիշատակը, և հանձնառու ենք աշխատել միասին՝ կառուցելու ավելի լավ ապագա», - ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում: