Արմինֆո.Այսօր լրանում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Վաղ առավոտից մարդիկ սկսել են այցելել Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին։ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունն այս տարի տեղի է ունենում հայ ժողովրդի համար բարդ, բայց հուսադրող ներքաղաքական իրավիճակում՝ պայմանավորված բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով:
Ինչպես սպասվում է, արարողությանը կմասնակցեն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ: 15.00-ին նրանց կմիանան «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման ներկայացուցիչները՝ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Առաջինը Հայոց ցեղասանությունը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, նաև ԱՄՆ-ի 45 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: