Արմինֆո.ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի քարտուղար Հովհաննես Նիկողոսյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Փաշինյանը «դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից»
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշել է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, վարչապետի խոսքերը չպետք է դիտարկել որպես սպառնալիք: «Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների»,-հայտարարել է Նիկողոսյանը:
Նրա խոսքով, այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, և այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը:
«Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում և ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը: Անտեղի են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները»,-եզրափակել է վարչապետի խոսնակը: