Արմինֆո. Երկիրը գտնվում է ճգնաժամային և շրջադարձային վիճակում: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով երկրի ներկայիս իրավիճակը:
Հովհաննիսյանը հայտարարել է, որ հպարտանում է ակցիայի երիտասարդ մասնակիցներով և ուրախանում նրանց նվիրվածությամբ: «Ես նույնպես մասնակցում եմ այս բողոքին: Սա պայքար է Հայաստանի ապագայի համար: Սերժ Սարգսյանի հրաժարականից բացի այլ հեռանկարներ չկան, բողոքի գործողությունները չափազանց ժողովրդավարական և խաղաղ են: Ցանկանում եմ նշել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը ղեկավարելու հիմքեր չունի, նա մեր երկրի իշխանությունը չէ: Մեր իշխանությունը մեր ժողովուրդն է: Ժամանակն է, երբ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է վարչապետին խորհուրդ տան, որ պետությունը հնարավոր չէ կառավարել`ճնշելով քաղաքացիների կամքը: Մեր երկիրը զարգացնելու համար անհրաժեշտ են նոր ժողովրդավարական ընտրություններ: Անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Այս շարժումը տարիներ շարունակ շարունակվում է և հասել է իր գագաթնակետին: Ամբողջ աշխարհը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք հաղթելու ենք, եթե մեր բոլոր կուսակցությունները և ժողովուրդը մեկ մարդու նման հավաքվեն Հանրապետության հրապարակում: Հույս ունեմ, որ այս տարի ապրիլի 24-ը կլինի ոչ միայն մեր կորցրած հայրենիքի համար սգո օր, այլ մի օր, երբ մենք կնշենք Հայաստանի քաղաքացիների հաղթանակը», - եզրափակել է Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ նամակ է գրել Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությանը, որ ՀՀԿ-ի նման կառույց չի կարող լինել ԵԺԿ շարքերում: