Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը:
Այուամենայնիվ, Փաշինյանը կրկին հայտարարել է, որ մտադիր չէ առճակատման գնալ ոստիկանության հետ: «Դուք ասել եք, որ մեր ակցիան անօրինական է, քանի որ մենք չենք իրազեկել ոստիկանությանը, ընդունում եմ, այժմ ես կհայտարարեմ, որ այս երթը դադարեցնում ենք, սկսում նորը»,- ասել է նա: Զանգահարելով Նոր Նորքի ոստիկանության բաժին և իրազեկելով ակցիայի մասին՝ Փաշինյանը հայտնել է, որ «նոր» ակցիա են սկսում՝ արդեն իրավապահների թույլտվությամբ:
Ի պատասխան հանրահավաքի մասնակիցներից մեկի դիտարկմանը, որ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել հարյուրավոր ակտիվիստների՝ Փաշինյանը հայտարարել է. «Ոչինչ, երեք ժամ կհանգստանան, հետ կգան»: Նա կոչ է արել ոստիկաններին լավ վերաբերվել ակտիվիստներին՝ սուրճ և քաղցրավենիք հյուրասիրել:
Ակցիաները շարունակվում են ոչ միայն Երևանում, այլ նաև՝ հանրապետության քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև արտերկրի հայկական համայնքներում: