Արմինֆո. ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսով երկրում ընթացող բազմահազարանոց բողոքի ակցաների կազմակերպիչների հետ
իշխանության երկխոսության հարթակի կազմակերպիչ լինելու պատրաստակամություն է հայտնել:
«Արմենիա» հառուստաընկերությանը հարցազրույցում նա ստեղծված իրավիճակը գնահատելու վերաբերյալ հարցին ի պատասխան, մասնավորապես, ասել է. «Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը. ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը. այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավոր ենք այդ հարթակը օգտագործել: Չորրորդը. անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնոռովե են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս»: