Արմինֆո.Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք է փայփայում, որ փոխզիջումը կարող է լինել միայն Հայաստանի և Արցախի կողմից, և միայն այդ պատճառով ստատուս-քվոն չի փոխվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը` «Իզվեստիայում՚ հրապարակված հարցազրույցում:
Նա ափսոսանքով հիշեցրել է, որ 2014 թվականից գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, իսկ 2016 թվականի ապրիլին, խախտելով իր պայմանագրային պարտավորությունները, լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց ԼՂՀ դեմ: «Սակայն նրանց չհաջողվեց լուծել որևէ լուրջ խնդիր, և հինգերրոդ օրը Ռուսաստանի աջակցությամբ կողմերը հանդիպեցին և պայմանավորվեցին վերականգնել ավելի վաղ ստորագրված համաձայնագրի պայմանները: Դրանից հետո կայացել է մի քանի հանդիպում, որտեղ պայմանավորվել ենք հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի լիազորությունների ընդլայնման շուրջ: Սակայն Ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվեց այ դպայմանավորվածությունների կատարումից՚, - նշել է Սարգսյանը:
Նա նաև հիշեցրել է, որ 2011 թվականին Կազանում կողմերը մոտ են եղել փաստաթղթի ստորագրման, սակայն Բաքուն առաջ է քաշել լրացուցիչ պահանջներ, և ստորագրումը չի կայացել: «Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք է փայփայում, որ փոխզիջումը կարող է լինել միայն Հայաստանի և Արցախի կողմից, և միայն այդ պատճառով ստատուս-քվոն չի փոխվում: Սակայն այստեղ անհրաժեշտ է ընդառաջ փոխզիջում: Ադրբեջանցիները դեռ խնդրի ուժային լուծման հույս ունեն: Ինչպես ցույց է տվել 1990-ականների սկզբի և 2016 թվականի փորձը, դա անհնար է: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրավիճակը, միևնույն է, չի փոխվի: Միևնույն է, մենք վաղ թե ուշ պետք է ինչ-որ լուծման հանգենք: Սակայն որքան շուտ` այնքան լավ՚, - ասել է Սարգսյանը: