Արմինֆո. Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀԿ մամուլի ծառայությունից, գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: «Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՚, - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք, որ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր Մելիք Ադամյան փողոցում ՀՀԿ գրասենյակը շրջափակելու մտադրության մասին, ինչից հետո որոշվել էր ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձորում: Ընդդիմությունը մտադիր է ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ քվեարկությանը խանգարելու նպատակով: