Արմինֆո. Հուսով եմ, որ Թրամփի և Պուտինի վարչակազմերը բավականաչափ սառնասրտություն կդրսևորեն` թույլ չտալու երրորդ համաշխարհային պատերազմ սկիզբ, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով անցած գիշեր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՄԹ միացյալ ուժերի կողմից Դամասկոսի մերձակա ռազմական օբյեկտների հրթիռակոծմանը:
Նա ընդսմին ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է հատկապես զգոն լինի և ուշադիր հետևի իրադարձությունների զարգացմանը, քանի որ մերձավորարևելյան տարածաշրջանից մինչև Հայաստանի սահմաններն ընդամենը 300-400 կմ է: Բացի այդ, փոխխոսնակը հիշեցրել է, որ մերձավորարևելյան երկրներում կան մեծ հայ համայնքներ: Նա նաև պակաս կարևոր չի համարել, որ Ռուսաստանը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է, և այն ամենն, ինչ տեղի է ունենում նրա հետ, չի կարող չհուզել Հայաստանին: «Ստեղծված պայմաններում մենք պետք է շարունակենք կատարել մեր դաշնակցային պարտավորություններն` էլ ավելի մեծ նվիրվածությամբ, ընդ որում, չմոռանալով մեր ազգային և պետական շահերի մասին՚, - ամփոփել է նա: