Արմինֆո. Ընդդիմադիր «Քայլ արա՚, «Մերժիր Սերժին՚ նախաձեռնությունները, «Հանուն Հայաստան պետության՚ ճակատը, որոնք ողջ գիշեր փակ են պահել Ֆրանսիայի հրապարակը, մտադիր են ժամը 14:00-ին հենց այնտեղ մեծ հանրահավաք անցկացնել` ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջիկա վարչապետության:
Դիմելով ՀՀ քաղաքացիներին` նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մարզերից գալ Երևան և միանալ բողոքի գործողությանը: Նա նաև հայտարարել է, որ ողջ գիշեր զանգեր են ստացվել Սփյուռքից, և մեր հայրենակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել ընդդիմության գործողություններին:
Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ գիշերը լավ քնել է վրանում, սակայն առավոտյան տհաճ նորություն է լսել. Մոսկովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում ընդհարում է տեղի ունեցել: Պատգամավորը վերստին կոչ է արել չդիմել բռնության և հավատարիմ մնալ պայքարի բացառապես խաղաղ եղանակներին, քանի որ իշխանություններն իրենք կարող են ընդհարում սադրել:
Հավելենք, որ ի սկզբանե ընդդիմադիրները մտադիր էին այսօր շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որտեղ կուսակցության խորհրդի նիստում նախատեսվում էր Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտոնապես առաջադրում վարչապետի պաշտոնի համար: Սակայն, հանրապետականները, տեղեկանալով ընդդիմության ծրագրերի մասին, նիստը տեղափոխել են Ծաղկաձոր:
Ընդդիմադիր մյուս ուժերը, այդ թվում «Ելք՚ դաշինքի գծով Փաշինյանի զինակիցներ «Հանրապետություն՚ և «Լուսավոր Հայաստան՚ կուսակցություններն, առայժմ չեն հարել ընդդիմության նախաձեռնություններին` չնայած համախմբման կոչերին: