Արմինֆո.Եթե «Ծառուկյան՚ դաշինքը քվեարկի Սերժ Սարգսյանի կամ վարչապետի ՀՀԿ ցանկացած այլ թեկնածուի օգտին, կդադարի ընդդիմություն լինել: Ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ դաշինքում վարչապետի թեկնածության ընտրության շուրջ առայժմ քննարկում չի եղել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դաշինքը կարող է պաշտպանել ՀՀԿ թեկնածուին, եթե դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նման որոշում կայացնի, Բագրատյանը հավաստիացրել է, որ Ծառուկյանը երբեք դաշինքի պատգամավորներին չի ստիպում ղեկավարվել իր որոշումներով և միշտ լսում է մյուսների տեսակետը:
Անդրադառնալով այն հարցին, որ վերջերս դաշինքը կողմ է քվեարկել նախագահի ՀՀԿ թեկնածուին, Բագրատյանը նշել է, որ Արմեն Սարգսյանն անկուսակցական է: «Մենք հանգել ենք հետևության, որ ստեղծված պայմաններում նա այդ պատասխանատու պաշտոնի լավագույն թեկնածուն է: Վարչապետի պարագայում իրավիճակը, այնուամենայնիվ, փոքր-ինչ այլ է՚, - ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էր ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները: Նա, մասնավորապես, ընդգծել էր, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել են Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: «Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին՚, - ասել է Կարեն Կարապետյանը: