Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել վարչապետի ընտրության անցկացման մասին հայտարարությամբ:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Հատկանաշական է, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը: Կարապետյանը, մասնավորապես, ընդգծել է. «Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք: Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»: