Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի ջանքերի գերակայություններից մեկն է հետխորհրդային տարածությունում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ միասին Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ է: «Որպես այդպիսին մենք թե հավաքական ջանքեր ենք գործադում երկու մյուս համանախագահների հետ միասին, թե ձգտում ենք առաջ քաշել սեփական նախաձեռնությունները համանախագահների ընդհանուր գծի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումների հունով` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հատուկ կապերը՚, - նշել է Լավրովը:
Անդրադառնալով 2009-2011թթ. տարված աշխատանքին, ՌԴ արտգործնախարարը հիշատակել է Կազանի հանդիպումը: Նրա ասելով, այն իրոք թույլ էր տալիս ակնկալել լուրջ դրական արդյունք, քանի որ ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ ռուսական կողմի նախապատրաստած փաստաթղթերի նախագծերում հաշվի էին առնված, ինչպես իրենց թվում էր, Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները` հաշվեկշռված տեսքով: «Սակայն բուն հանդիպման ընթացքում ի հայտ եկան լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դրանից ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը կշարունակվի: Համոզված եմ, որ շատ բան այն ամենից, ինչ պարունակում է, այսպես կոչված, «կազանյան փաստաթուղթը՚, առաջվա նման պահանջված է: Դա հաստատվում է Երևանի և Բաքվի արձագանքով այն ժամանակվանից ի վեր նախագահների, նախարարների և համանախագահների մակարդակի շփումներին, ովքեր կանոնավոր այցելում են տարածաշրջան` Երևան, Բաքու և Ստեփանակերտ՚, - նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին մշակվածից ոչինչ չի կորել: Նրա ասելով, այս ընթացքում, անշուշտ, հայտնվել են որոշ նոր գաղափարներ, որոնք այժմ համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: «Ամենագլխավորը անվստահությունից ձերբազատվելն է, որն առաջվա նման երբերն դեռ դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանալը իրատեսական, գործնական գաղափարների վրա, որոնք բավականաչափ են: Հարկավոր է միայն դրանք թղթին հանձնել, թեև կողմերը հայեցակարգայնորեն համաձայնում են այդ անելու անհրաժեշտությանը, բայց երբ ամեն ինչ սկսում է որոշակիորենձևակերպվել, ինչպես պատահում է այլ իրավիճակներում, առաջանում են բարդություններ: Ես կարծում եմ, որ կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և կհասնենք արդյունքի՚, - եզրափակել է Լավրովը: