Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հայկական ԶԼՄ-ների խնդրանքով ամփոփելով Հայաստանի և ՌԴ տասնամյա համագործակցության արդյունքները: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ այդ կապերն ընդգրկում են բոլոր ոլորտները` անվտանգության և արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն և այլն: Նա ընդգծել է, որ 10 տարվա ընթացքում հարաբերութկունները զարգացել են երկու երկրների նախագահներ Վ.Պուտինի և Ս.Սարգսյանի անմիջական վստահական շփումների ազդեցության ներքո:
Նա հատկապես ընդգծել է Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ինչը, իր համոզմամբ, լրացուցիչ հզոր խթան է հաղորդել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը: «Բավական է նշել, որ նախորդ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 30 տոկոսով` 2016 թվականի համեմատ, հասնելով, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն դոլարի: Դա շատ խոշոր գումար է, չխոսելով արդեն այն մասին, որ ռուսական մասնակցույթյամբ հարյուրավոր ընկերություններ, կամ ռուսական, կամ համատեղ հայ-ռուսական, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում և օգուտ են բերում մեր կապերին և մեր դաշնակցի տնտեսությանը: Ռազմատեխնիկական համագործակցությունն ավանդաբար շատ սերտ է՚, - ընդգծել է Լավրովը:
«Վերջին 10 տարում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում դիտվում է հաստատուն որակական աճ՚, - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը, հավելելով, որ դա համալրվում է սերտ համագործակցությամբ արտաքին քաղաքականության ասպարեզում: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ Հայաստանն ու ՌԴ-ն դաշնակիցներ են ՀԱՊԿ և ԵԱՏՄ գծով, հավելելով, որ արդիականությունը չի կորցնում նաև ԱՊՀ:
«Ես թվարկեցի ոչ ամենը, ինչը բնորոշում է մեր հարաբերությունները վերջին 10 տարիներին, սակայն, կարծում եմ, ասվածից կարելի է հետևություն անել, թե որքան հարուստ են այդ կապերը և որքանով են համապատասխանում մեր երկրների շահերին տվյալ պահին՚, - ամփոփել է Լավրովը: