Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակն անընդունելի է թե Ադրբեջանի, թե համաշխարհային հանրության համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները պետության ղեկավարների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է և պետք է փոխվի:
«Մենք լիովին կիսում ենք այդ դիրքորոշումը և շատ ճիշտ ենք համարում այդպիսի հայտարարությունները: Սակայն մենք ակնկալում ենք որոշակի գործողություններ: Հայտարարություններն, իհարկե, կարևոր են, սակայն մեզ պետք է հարցի կարգավորում, ինչի համար գոյություն ունեն իրավական մեխանիզմներ՚, - հավաստիացրել է Ալիևը, այդ համատեքստում հերթական անգամ հիշեցնելով ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի մասին, որոնք «Հայաստանը չի ցանկանում կատարել՚: «Եվ Հայաստանի նկատմամբ, դժբախտաբար, ոչ մի պատժամիջոց չի կիրառվել դրա համար: Այլ միջազգային կազմակերպություններ նույնպես ընդունել են համանման բանաձևեր և որոշումներ: ԵԱՀԿ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ, Չմիացման շարժումը և այլ կազմակերպություններ ընդունել են նման բանաձևեր, և Հայաստանը դրանք չի կատարում: Ադրբեջանական հողերի օկուպացումը շարունակվում է: Գլխավոր խնդիրը Հայաստանն է, որը չի ցանկանում փոխել ստատուս-քվոն: Նա բանավոր հայտարարում է բանակցություններ վարելու ցանկության մասին, սակայն իրականում զբաղվում է դրանց նմանակմամբ: Եվ այդ ամենն անում է, որպեսզի տեղապտույտ լինի, և գործընթացը լինի անվերջանալի, ինչն անընդունելի է թե մեզ, թե համաշխարհային հանրության համար: Ուստի, անհրաժեշտ է Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձևերի անհապաղ կատարում, ադրբեջանական տարածքի շուտափույթ ապաօկուպացում: Չէ որ օկուպացված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Ադրբեջանի յոթ շրջաններ, որոնք ոչ մի առնչություն չունեն և չեն ունեցել Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի հետ՚, - Հայտարարել է Ադրբեջանի նախագահը ՏԱՍՍ-ի հրապարակած հարցազրույցում: Նա նաև համոզմունք հայտնել, որ, այսպես կոչված, «ապաօկուպացման՚ սկիզբն առաջին քայլն է հակամարտության փուլային կարգավորման գործում, որը վերստին պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: