Արմինֆո.Ռուսաստանը լիակատար իրավունք ունի ռազմական ոստիկանության ստորաբաժանում ստեղծել Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում: Այդ մասին ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նախկին նախարարը նշել է, որ ռազմական ոստիկանությունը կոչված է կարգապահական խնդիրներ լուծելու բանակում, և այդ ստորաբաժանումը ռազմակայանի մասն է հանդիսանում: Հարությունյանը վճռականորեն հերքել է կարծիքը, թե ռազմական ոստիկանությունը որևէ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: Ավելին, Հարությունյանի խոսքով, դա անհրաժեշտ ռազմավարական քայլ է: «Ռազմական ոստիկանության աշխատակիցների թիվը կկազմի առնվազն 200 մարդ, ի՞նչ սպառնալիքի կամ հետին նպատակների մասին կարող է խոսք լինել»- հարցրել է նախկին նախարարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՌՕ մամուլի ծառայությունը, Գյումրիի ռուսական ռազմակայանում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Հաղորդագրության համաձայն, ռազմական ոստիկանության ստեղծման նպատակը զինվորական կարգապահության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է և Գյումրիի զինվորական կայազորի օբյեկտների պահպանումը: Նշվում է, որ անձնակազմը կստանա հատուկ հանդերձանք և զինված կլինի հաստիքային սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով:Նաև հաղորդվում է, որ Գյումրիից զատ մինչև ռուսական բանակի ուսուցման ամառային շրջանի սկիզբը ռազմական ոստիկանության ստորաբաժանում կստեղծվի նաև Երևանի զինվորական կայազորում: