Արմինֆո. Հայաստանի իշխանությունները գտնում են, որ Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը բավականաչափ կոշտ չէր և ուզում են ավելացնել ժամկետը: Այս մասին ապրիլի 4-ի ասուլիսում հայտնել է Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանը նշել է, որ այս առավոտ քննչական կոմիտեի քննիչը Սեֆիլյանին տեղեկացրել է, որ դատավարության ընթացքում նրա վերջին խոսքի կապակցությամբ ՔԿ պատրաստել է նյութեր: «Իմ պաշտպանյալին նույնիսկ վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն չտրվեց, և ես ստիպված էի այն կարդալ Սեֆիլյանի փոխարեն», - ասել է փաստաբանը:
Ըստ Հայրապետյանի, Սեֆիլյանի վերջին խօսքում անօրինական ոչինչ չկար, Սեֆիլյանը պարզապես ցանկացել էր ասել, որ Հայաստանը չպետք է վերածվի Հյուսիսային Կորեայի, իսկ հասարակությունը պետք է միավորվի ռեժիմի դեմ պայքարին: «Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդները չեն կարողանում ազատ արտահայտել իրենց կարծիքը: Սակայն, Ժիրայր Սեֆիլյանը խնդրեց ինձ փոխանցել, որ ինքը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, և իշխանությունների կողմից իրեն լռեցնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման», - ասել է փաստաբանը:
Նշենք, որ իր վերջին խոսքում Ժիրայր Սեֆիլյանը դատական գորչծընթացը որակել էր որպես ֆարս, ռեպրեսիայի փորձ, թատերական ներկայացում: Նա նաև շեշտել էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: Սեֆիլյանն ասել էր, որ իրեն սպառնացել են, պահանջելով դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը: Բայց նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր իրեն հետապնդել են, ինչպես նաև նրանց պատվիրատուները, մի գեղեցիկ օր կհայտնվեն «հայկական Նյուրնբերգի» առջև, պետական դավաճանության, կոռուպցիայի և իշխանությունը զավթելու համար: Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման, նրա զինակիցը` Գևորգ Սաֆարյանը – 5 տարվա, իսկ մյուս 4 ամբաստանյալները`4 տարվա ազատազրկման: