Արմինֆո.Մի քանի հասարակական կազմակերպություններ մտահոգությունն ենք հայտնել Հայաստանում սեռական կողմոնորշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։ ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է.
«Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի, ապա այրել տունը։ Արդյունքում տուժողը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և դեպքից միայն 4 օր անց գիտակցության եկել։ Ապրիլի 1-ին ժամը 19։40-ի սահմաններում Երևանի կենտրոնում՝ Կոնգրես հյուրանոցի մոտ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա տղայի՝ համարելով, որ նա նույնասեռական է։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց՝ «Կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ։ Երկու դեպքում էլ մեղադրյալները Հայաստանից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։
Այս հանցագործությունները իրավապահ մարմինների անտարբերության, պետական պաշտոնյաների ատելության քարոզի և դատական համակարգի կամայական որոշումների հետևանքներն են, որի արդյունքում ատելությամբ լցված Հայաստանի որոշ քաղաքացիներ կարծում են, թե լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և նրանց հետ ասոցացվող անձանց նկատմամբ վարքն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է, և կարող են վարվել այնպես, ինչպես իրենց երևակայությունն է թելադրում, ու մնալ առանց պատժի։ Ավելին, ոստիկանությանը բազմիցս ներկայացվել են դիմումներ սոցիալական մեդիայում ԼԳԲՏ անձանց սպանելու կոչերի ու ցանկությունների վերաբերյալ, նրանց հասցեին ուղղված սպառնալիքներն ու կատարված հանցագործությունների մասին վկայող գրառումներ։ Այդուհանդերձ, բոլոր ներկայացված դիմումները մնացել են առանց քննության՝ հանցակազմի բացակայության կամ տուժող չհայտնաբերելու պատճառաբանություններով։ Սոցիալական մեդիայի այդ գրառումներում երևում է ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործություններ կատարելու ցանկությունները, իսկ հանցագործություն կատարածներին հերոսացնում են, ինչն ապացույցն է այն բանի, որ պետության ատելության քարոզը, անգործությունը վտանգում են ԼԳԲՏ և նրանց հետ ասոցացվող քաղաքացիների կյանքը մեր երկրում։ Ուստի մենք ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ իրականացնել գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով եւ ապահովելու համար յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը; մեղավորներին ենթարկել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով; ներդնել եւ վարել պատշաճ վիճակագրություն՝ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ; ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխարգելելու համար սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները; հետամուտ լինել ատելություն եւ թշնամանք սերմանող խոսքի բացառմանը՚։ Հայտարարության ներքո ստորագրել են «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ: