Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Փարիզ):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Արմեն Սմբատյանին նշանակել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
Արմեն Սմբատյանը ծնվել է 1954թ, նոյեմբերի 17-ին Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1981 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները, 1985 թվականին՝ ասպիրանտուրան։ 1981 թվականից Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ է։ 1982-1987 թվականներին եղել էՀայաստանի Ազգային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր տնօրենը։ 1995-2002 թվականներին զբաղեցրել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը (1994 թվականից՝ պրոֆեսոր)։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը, 2002-2010 թթ.` Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: 2010 թ. հունվարի 21-ին Հայաստանի նախագահի հրամանագրով ազատվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010-2013 թվականներին` ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենը։ 2014 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով:
Հասմիկ Տոլմաջյանը ծնվել է 1974թ. մարտի 10-ին Երևանում: 1996 Երևանին ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը, 1997թ.` Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանը: 1995 – 1996թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչությունում որպես ռեֆերենտ, 2000 -2004թթ. կցորդ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, այնուհետև՝ երրորդ քարտուղար; 2004 – 2008թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչությունում երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար; 2008 - 2014 ՀՀ Արտաքին գործերի նախարարի օգնական; 2014 օգոստոսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ: ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան (2016թ. մարտի 1):