Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, որոնք մարտի 31-ից Հայաստանի տարածքում երթ են սկսել ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության, անցել են արդեն 12,5 կմ: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 2-ի երեկոյան նախաձեռնության ներկայացուցիչները քննարկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, փաստելով, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորներից մեկն է: Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ ապրիլյան պատերազմից 2 ամիս առաջ շփման գծում դիտվել էր արդբեջանական զորքերի կուտակում: «Միանգամայն սպասելի էր, որ Ադրբեջանը հարվածելու է, և բոլորովին անհասկանալի է, թե ինչպես հայկական կողմն անպատրաստ էր իրադարձությունների նման շրջադարձին՚, - նշել է Փաշինյանը: Հավելենք, որ մարզերում ժողովուրդը շատ ջերմորեն է ընդունում Փաշինյանին և նրա թիմին: Փաշինյանը հույս է հայտնել, որ «Ելք՚ դաշինքը ներկայացնող «Լուսավոր Հայաստան՚ և «Հանրապետություն՚ կուսակցությունները կմիանան երթին:
Մեկնաբանելով այդ ակցիան` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե այդ բոլոր նախաձեռնությունները ոչ մի կերպ չեն կարող ազդել ՀՀԿ ծրագրերի վրա երկրի վարչապետի ընտրության ժամանակ: Նա ընդգծել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրիդը քվեարկել է իրենց օգտին, իրենց տվել է վարչապետ առաջադրելու լիազորություն, և իրենք կօգտվեն իրենց օրինական իրավունքից:
Հիշեցնենք, Փաշինյանի և իր թիմի երթն սկսվել է Գյումրիում, և երթուղին ներառում է Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքները: Երթը կավարտվի ապրիլի 13-ին Երևանի Ազատության հրապարակում, որտեղ ժամը 18:30-ին կկայանա ամփոփիչ հանրահավաք: Դրան կհետևեն բողոքի այլ գործողություններ` ընդհուպ ԱԺ շենքի շրջապատում, որտեղ ապրիլի 19-ին նախատեսվում է վարչապետի ընտրություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին լրանոմ են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, սակայն, ինչպես իր հարցազրույցում հասկացրել է պետության ղեկավարը, ինքն ապրիլի 17-ին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի վարչապետի պաշտոնի համար` չնայած 2018 թվականին այդ պաշտոնին չհավակնելու վերաբերյալ ավելի վաղ տված խոստմանը: