Արմինֆո. Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքար ծավալած «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը մտադիր է դիվերսիֆիկացնել իր պայքարի մեթոդները տարբեր կրեատիվ ակցիաներով:
Այսպես՝ առաջիկա օրերին նախաձեռնող խմբի անդամները մտադիր են արագաչափերի և տեսանկարահանող սարքերի «տեսախցիկները» փակել Սերժ Սարգսյանի լուսանկարներով:
Նախաձեռնող խմբի անդամները նաև համաձայնության են եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ բողոքի տարբեր ակցիաների համատեղ մասնակցության շուրջ:
Նշենք, որ ՔՊ-ն իր հերթին մարտի 31-ից քայլերթ է նախաձեռնել Հայաստանի ողջ տարածքում՝ նույնպես ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության:
Ընդդիմությունն այդպես էլ չի կարողացել փոխհամաձայնության գալ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ համատեղ պայքարի առնչությամբ: Ներկայումս ընդդիմադիր ուժերը գործում են միաժամանակ երեք ճակատով: «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր հերթիան հանրահավաքներ է անցկացնում «Ազատության» հրապարակում: ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ ուժերի համախմբմանը խանգարում է իշխանությունների հետ պայքարի մոտեցումների տարբերությունը: «Մենք հանդես ենք գալիս ոչ բռնի պայքարի օգտին, «Հանուն Հայաստան պետության» ճակատը փոքր-ինչ այլ մոտեցումների կողմնակից է: Ճակատի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ Փաշինյանի հավաստումներն անհիմն են: