
Արմինֆո. Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է սեփական մշակումները: Մասնավորապես, հայկական արտադրողը ներկայացրել է «Իգլա» ԴԶՀՀ համար ջերմատեսիլ նշանոց, որը թույլ է տալիս գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում հայտնաբերել սարքը, տեղում որոշել սարքի կորդինատները, կատարել արձակում և նշանակակետի ոչնչացում:
«Իգլա» ԴԶՀՀ հարմարեցված է շրջուն հենարանային սարքի վրա, իչը թույլ է տալիս մեծացնել համալիրի կիրառությունը մարտական հերթապահության ժամանակ:
Հայկական PRO MAQ ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է սեփական մշակման մահապարտ «Հրեշ» (HREESH) անօդաչու թռչող սարքը։ Ինչպես պատմել է ընկերության ինժեներ Դավիթ Գալոյանը, ԱԹՍ- ն աշխատում է էլեկտրական իմպելլեր շարժիչով։ «Այժմ սարքը փորձարկումների փուլում է: Տեղական արտադրության են սարքի բոլոր մեխանիկական մասերը, ինչպես նաև կրիտիկական հանգույցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային կառավարման համար: Սարքը մշակվել և արտադրվել է Հայաստանում, դրա գործունեությունում ներդրվել են բավականին բարդ ալգորիթմներ: Սարքն ունի պնեվմատիկ արձակում, սեփական արձակման համակարգ, բավականին բարդ մեխանիզմ է», - ընդգծել է Գալոյանը: Նա ընդսմին հավելել է, որ «Հրեշը՚ միջին հեռահարության սարք է և անտեսանելի է հակառակորդի ռադիոտեղորոշիչ համակարգերի համար: ԱԹՍ-ն կշռում է 7 կգ:
Ուշագրավ է, որ ցուցահանդեսին սեփական արտադրանքն են ներկայացնում շուրջ 34 հայկական ընկերություններ: Մշակումների մի մասը կներկայացվի փակ ցուցադրությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 31-ը: Որպես ցուցահանդեսի կազմակերպիչ հանդես են գալիս ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, «Ցուցահանդեսային ընկերությունների միավորրում՚ ՓԲԸ: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են 14 երկրների 30-ից ավելի ընկերություններ, այդ թվում` Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից, ինչպես նաև հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: