Արմինֆո. Հունաստանը ցանկանում է, որ Թուրքիան ավելի մոտ լինի եվրոպական արժեքներին: Այս մասին մարտի 29-ին Երևանում հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
«Սակայն, ցավոք, Էրդողանի վերջին հայտարարությունները և թուրքական իշխանությունների որոշումները խոսում են այն մասին, որ Անկարան ձգտում է դեպի անցյալ և մտադիր է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Դա Թուրքիային հեռացնում է եվրոպական արժեքներից, մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից», - ասել է նախարարը: Միևնույն ժամանակ նա Թուրքիային խորհուրդ տվել հիշել նախորդ նմանատիպ իմպերիալիստական փորձերի արդյունքները, որոնք հաջողությամբ չպսակվեցին: