Արմինֆո. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ, եթե ընդունեն վերջինիս իրավասությունը: Այդ մասին Mirror Spectator-ին հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Ըստ որում, Սահակյանը նշել է, որ երբ միջազգային հանրությունը քննարկում է ադրբեջանցի փախստականների հարցը, չպետք է մոռանա նաև հայ փախստականների մասին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, նա բարձր է գնահատել Մինսկի միջնորդների ջանքերը խաղաղարար բանակցություններում: «Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, շահագրգռված է այդ բարդ խնդրի լուծմամբ»,-հայտարարել է Սահակյանը: Արցախի առաջնորդն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական, ռազմատենչ քաղաքականությունը միայն խոչընդոտում է բանակցությունների ընթացքում պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին: