Արմինֆո. Իրանը և Ադրբեջանը տարածաշրջանային հարցերի առնչությամբ ընդհանուր տեսակետ ունեն: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ըստ որում, նա ընդգծել է, որ երկու պետություններն էլ հանդես են գալիս տարածաշրջանում առկա հարցերը քաղաքական ճանապարհով լուծելու օգտին:
Իրանը գտնում է, ավելացրել է Ռոուհանին, որ Յեմենում և Սիրիայում ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է լուծվի քաղաքական միջոցներով: «Իրանը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով և Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերով: Իրանն ուրախ է, որ քաղաքական ջանքեր են գործադրվում ղարաբաղյան ճգնաժամի լուծման ուղղությամբ: Իրանը գտնում է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը և տարածաշրջանի աշխարհագրությունը չպետք է փոխվի, իսկ միջազգային սկզբունքները պետք է գործիք դառնան խնդրի լուծման համար»,- ընդգծել է ԻԻՀ առաջնորդը, հայտնում է ԻՌՆԱ-ն: