Արմինֆո. Արցախը մտադիր է խթանել անասնաբուծության զարգացումը: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, գյուղոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, մարտի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսական ընթացիկ հարցերի վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի կառավարության մամուլի ծառայությունից,
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է պետական նոր ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել անասնապահության զարգացմանը խթանելու համար: Առաջին նախագիծը վերաբերում է խոզաբուծության զարգացմանը: Այդ նպատակով, Ասկերանի շրջանում առաջիկայում կսկսվեն նոր տոհմային խոզաբուծարանի կառուցման աշխատանքները: Ա. Հարությունյանի խոսքով՝ այն կունենա երկու մասնաբաժին. առաջին հատվածում կբուծվեն գոճիներ՝ ֆերմերներին տրամադրելու նպատակով, իսկ երկրորդ հատվածը կծառայի մսի արտադրության համար:
«Անընդունելի է ունենալ գարու և ոչ պարենային ցորենի մեծ ավելցուկ և, դրան զուգահեռ, բախվել մսի առաջարկի խնդրին: Արցախը մսի արտահանման մեծ ներուժ ունի, և առաջիկա տարիներին դա պետք է դառնա ոլորտում իրականացվող մեր հիմնական քաղաքականությունը: Այդ նպատակով, բացի խոզաբուծության ներկայացված ծրագրից, կոնկրետ աշխատանքներ ենք տանում նաև բարձրորակ ցեղատեսակի երինջների և ոչխարների մեծ քանակի ներկրման և դրանք ֆերմերներին տրամադրելու ուղղությամբ»,- նշել է պետական նախարարը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր այգիների հիմնման, ոռոգման կաթիլային համակարգերի տրամադրման, արտեզյան ջրհորների հորատման հետ կապված ընթացիկ հարցեր: