
Արմինֆո.Ընթացիկ տարվա ապրիլի 3-ից Հայաստանի քաղաքացիները Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա և Շվեդիա այցելելու համար Շենգենյան վիզա ստանալու դիմում պետք է ներկայացնեն ոչ թե ՀՀ-ում Գարմանիայի դեսպանատուն, այլ՝ «Վիզա Մետրիկ» հատուկ կենտրոն:
Այդ մասին Երևանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Ըստ որում, դիվանագետն ընդգծել է, որ այդ կարգը չի վերաբերում ազգային վիզայի ստացմանը:
Խոսելով «Վիզա Մետրիկ» ընկերության մասին՝ դիվանագետը հայտնել է, որ այն ռուս-թուրքական կոնսորցիում է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Թուրքիայում: Ըստ որում, դիվանագետն ընդգծել է, որ ընկերությունն ընտրվել է խիստ մրցակցային հիմունքով՝ հաշվի առնելով օբյեկտիվ չափորոշիչները: Մրցույթն անցկացվել է ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլ ոչ թե՝ առանձին վերցրած Հայաստանի համար: Կենտրոնը գործունեություն է իրականացնում նաև Կենտրոնական Ասիայում: Դեսպանը շտապել է հանգստացնել ՀՀ քաղաքացիներին. կենտրոնի գործունեության և դիմումներ ներկայացնելու ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության կանոններն ու ստանդարտները: Հայաստանյան գրասենյակը կգլխավորի ՀՀ քաղաքացի, աշխատակիցները նույնպես Հայաստանի քաղաքացիներ կլինեն: Ըստ որում, նա ընդգծել է, որ վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կշարունակի մնալ Գերմանիայի դեսպանատան արտոնությունը:
Բացատրելով նորամուծությունների շարժառիթները՝ դիվանագետը նշել է, որ նկատի ունենալով վիզաներ ստանալու համար դիվանագիտական գերատեսչություն դիմումների մեծ քանակը՝ հերթեր էին կուտկվում: Պատասխան ստանալու համար քաղաքացիներն ստիպված էին 6-8 շաբաթ սպասել: «Վիզա Մետրիկ»-ի հետ համագործակցությունից հետո սպասելաժամանակը կրճատվել է մինչև 48 ժամ: Բարելավվել է ծառայությունների որակը»,- ասել է դիվանագետը: 2017 թ. Գերմանիայի դեսապանատունը վիազներ տրամադրելու 15 հազար 200 դիմում է ստացել, որից 14 հազարը բավարարվել է:
«Վիզա Մետրիկ» կենտրոնը գործելու է Վազգեն Սարգսյանի 261 հասցեում՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ (8:30-ից մինչև 18:00): Կենտրոնի ծառայությունները Հայաստանի քաղաքացիների համար կարժենան 20 եվրո: Նշենք, որ Հայաստանում նման սխեմայով են արդեն աշխատում Լիտվայի, Հունաստանի և Իտալիայի դեսպանատները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ