Արմինֆո. Ակնհայտ է, որ հայկական կողմը որոշակի դժգոհություն ունի՝ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումների հետ կապված: Այդ մասին մարտի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ մեկնաբանելով 2016 թ. ապրիլից հետո Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումների կրճատման մասին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը:
«Ռուսական կողմից հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ադրբեջանին սպառազինության մատակարարումները կկրճատվեն»,- ասել է փոխնախարարը:
Միաժամանակ Փախչանյանն ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն այսօր բավական արդյունավետ է ընթանում: «Այն, ինչ պլանավորվել է սպառազինության առաջին վարկի շրջանակներում, արդեն ամբողջովին մատակարարվել է, կան աշխատանքը շարունակելու պայմանավորվածությունները: Ռուսաստանի հետ համագործակցությունն այսօր բավական հաջող է ընթանում»,- ասել է փոխնախարարը:
Ավելի վաղ Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարել էր, որ 2016 թ. ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը որոշակի եզրակացություններ է արել՝ Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ կապված: «Շատ ենք ցավում, որ Ադրբեջանը այլ կիրառում չի գտել այն զենքի, որը նա ձեռք է բերել Ռուսաստանից: Ուզում եմ նշել, որ Ռուսաստանը որոշակի եզրակացություններ է արել դրանից՝ կապված ուժերի հավասարակշռության խախտման հետ, և ժամանակակից զենք է տրամադրել Հայաստանին ինքնապաշտպանության համար»,- ընդգծել էր պատգամավորը: