Արմինֆո.Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:
Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը Հայաստանին մեղադրել գիտակցաբար բանակցությունների նմանակման համար: «Այդպիսով, Հայաստանը հետապնդում է բանակցային գործընթացը երկարաձգելու և ադրբեջանական տարածքների օկուպացումը շարունակելու կեղտոտ նպատակ՚, - ասել է Գաջիևը:
Նա նաև նշել է, թե Հայաստանն, իբր, բանակցություներում ձգտում է ուշադրությունը կենտրոնացնել տեխնիկական հարցերին: «Գիտականորեն ապացուցված է, որ Հայաստան պետությունն ստեղծվել է Ադրբեջանի պատմական հողերում: Մենք Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը խորհուրդ կտայինք նայել ցարական Ռուսաստանի բնակչության մարդահամարի վիճակագրությանը՚, - ասել է Գաջիևը: Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար «Հայաստանի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի ադրբեջանական պետության և ժողովրդի դեմ կատարված գործողությունների համար՚: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարարը «տառապում է սուբստանտիվ բանակցությունների ֆոբիայով՚: «2017 թվականի աշնանից առարկայական և որոշակի հիմունքով բանակցություների վարումը, կարծես, լրջորեն մտահոգում է Հայաստանի արտգործնախարարին՚, - եզրափակել է Գաջիևը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե այսօր կարևորն այն է, որ Ադրբեջանը ձերբազատվի իրականությունից հեռու լեզվաբանական մտավարժանքներից և վերադառնա կառուցողական դաշտ: «Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին և անտրամաբանական: Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային և տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբրև թե եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների հիման վրա է շարունակվելու: Ինչ կրեատիվության մասին է խոսքը: Միգուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձևակերպեմ, ոչ այդքան առողջ երևակայությունից: Այդպիսի կրեատիվության դրսևորում է, երբ մեր մայրաքաղաք 2800-ամյա Երևանը, և Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ՚, - նշել է արտգործնախարարը: