


Արմինֆո.«ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները և անձամբ ես դատապարտում ենք իշխանության դեմ պայքարի ցանկացած հակասահմանադրական կոչ կամ նախաձեռնություն»: Այդ մասին մարտի 26-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով հեղափոխական ճանապարհով իշխանափոխության «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հերթական
կոչը:
Վարդանյանը նշել է, որ հնարավոր չէ որևէ դրական փոփոխության հասնել՝ զինված պայքարի և արյան օգնությամբ: «Նման կոչերը չեն կարող հաջողությամբ պսակվել և լայն արձագանք գտնել զանգվածների մոտ, բացի այդ, այդ ամենը շատ վտանգավոր է»,- հայտարարել է Վարդանյանը:
Նա անընդունելի է համարել այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո երեք ամիս անց Երևանում տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի զավթումը: «Չի կարելի կարևոր պետական հարցերը լուծել զենքի օգնությամբ»,- ասել է Վարդանյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում նոր զինված պայքարի կոչ են արել: «Հայաստանը զավթած ցեղասպան գաղութային վարչակազմը և նրան ծառայողները ազգադավ ոճրագործներ, ուստի՝ թշնամիներ են, այդ պատճառով նրանց հետ պետք է խոսել զենքով ու ապստամբության լեզվով, որը երբեմն նաև կոպիտ է լինում, զավթված երկրում ցեղասպանվող ժողովրդին կեղծ մարդասիրությամբ, խաղաղասիրությամբ կամ օրինապաշտությամբ մոլորեցնելը և բռնությանը բռնությամբ պատասխանելուց հետ պահելը ցեղասպանության հանցակցություն է»,- ասված է հայտարարութան մեջ:



