Արմինֆո. 2016 թ. ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը որոշակի եզրակացություններ է արել՝ Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ կապված: Այդ մասին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Շատ ենք ցավում, որ Ադրբեջանը այլ կիրառում չի գտել այն զենքի, որը նա ձեռք է բերել Ռուսաստանից: Ուզում եմ նշել, որ Ռուսաստանը որոշակի եզրակացություններ է արել դրանից՝ կապված ուժերի հավասարակշռության խախտման հետ, և ժամանակակից զենք է տրամադրել Հայաստանին ինքնապաշտպանության համար»,- ընդգծել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է այն բանին, որ Ադրբեջանը մինչ օրս էլ շարունակում է զենք ձեռք բերել Ռուսատանից՝ Զատուլինը նշել է, որ ՌԴ-ն ուղղակի կատարում է պայմանագրերը, որնք ստորագրվել էին մինչև 2016 թ. ապրիլը, քանի որ դա իր պարտականությունների մեջ է մտնում: Ըստ որում, խորհրդարանականը հավաստիացրել է, որ Ռուսաստանն այսուհետ նման մաշստաբով զենք չի մատակարարի Ադրբեջանին: «Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանին զենք չի մատակարարել նույն պայմաններով, ինչ՝ Հայաստանին»,- ընդգծել է նա:
Նշենք, որ Զատուլինի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երևանում՝
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Նիստի շրջանակներում հայ և ռուս խորհրդարանականները քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը և նախանշել համագործակցության հեռանկարները: