Արմինֆո.«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում՝ կապված ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելիս ստատուս-քվոն խախտելու, բանակցային գործընթացը փակուղում դնելու և ուժի կիրառման սպառնալիքներով հարցը լուծելու փորձերի հետ: Սյդ մասին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունն իր հերթին հնարավոր ամեն բան կանի՝
այդ հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը կանխելու նպատակով: Պատգամավորը նշել է, որ ռուսական կողմը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմամբ: «Կցանկանայի նաև հաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կատարել պաշտպանության ու անվտանգության բնագավառում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները»,- ընդգծել է պատգամավորը: «Հայաստանի հասցեին ցանկացած սպառնալիք Ռուսաստանը կընկալի՝ որպե իր հասցեին սպառնալիք: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- հայտարարել է Զատուլինը:
Նշենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը Երևանում է՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում ռուսական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: