Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը դեռ չի հստակեցրել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման առնչությամբ իր դիրքորոշումը՝ վերջինիս նախագահական լիազորությունների ավարտից հետո: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքից պատգամավոր Լուիզա Սարգսյանը:
Դաշինքից պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ կարևոր չէ, թե ով կլինի Հայաստանի վարչապետը, գլխավորը, որպեսզի նա կարողանա ապահովել երկրի խաղաղությունը, տնտեսական աճը և զարգացումը: «Շատ կարևոր է, որ պետության ապագա ղեկավարը կարողանա նաև ապահովել խաղաղություն Լեռնային Ղարաբաղում և նպաստի արցախյան հարցի խաղաղ լուծմանը: Կարևոր չէ, թե ով կլինի իշխանության ղեկին, կարևոր է, թե հատկապես ինչ է նա արել մեր երկրի զարգացման համար»,- ասելէ Բոստանջյանը: Մինչդեռ նախօրեին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում չի բացառել նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ չնայած այն բանին, որ 2014 թ. հայտարարել էր, որ չի հավակնելու այդ պաշտոնին: «Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»,- ասել է նա: