Արմինֆո. Լիազորությունների ժամկետը լրանալուց հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին նախագահ Սերժ Սարգսյանի թափանցիկ ակնարկից հետո անգամ երկրի ընդդիմադիր ուժերը, որոնք մշտապես հանդես էին գալիս ներկայիս կառավարող ռեժիմի վերարտադրութունը կանխելու մասին բարձրագոչ հայտարարություններով, չկարողացան փոխհամաձայնության գալ:
Հակասությունները չկարողացան հաղթահարել նաև «Ելք» խորհրդարանական դաշինքի ներսում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է դաշինքից պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը, ՔՊ ներկայացուցիչները գտնում են, որ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու ամենաճիշտ միջոցը փողոցային պայքարն է: «Քանի որ տվյալ դեպքում հատվածական պայքարը հաջողությամբ չի պսակվում՝ խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչների փոքրաթիվության պատճառով: Գտնում ենք, որ ամենադժվար, բայց պայքարի միակ ճիշտ տարբերակը փողոցայինն է: Դա այն դեպքն է, որ հենց Հայաստանի քաղաքացիներն են ընտրելու իրենց ապագան ու իրենց ճակատագիրը»,-ընդգծել է պատգամավորը: Նազարյանը նշել է նաև, որ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մշակում են գործողությունների ծրագիր և մոտ ժամանակներս կկարողանան ներկայացնել այն հասարակայնությանը:
Նազարյանի խոսքով, քանի որ «Ելք» դաշինքի մեջ 3 տարբեր կուսակցություն է մտնում, որոնք տվյալ հարցում չեն կարողացել փոխհամաձայնության գալ, նրանցից յուրաքանչյուրը պայքարելու է այն եղանակով, որն առավել արդյունավետ է համարում: «Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ մեր դաշինքը փլուզվում է, և բոլոր կամուրջներն այրված են: Բոլոր հարցերում, որոնց շուրջ մեզ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, կգործենք համատեղ և համաձայնեցված»,- ասել է պատգամավորը:
Նշենք, որ փողոցային պայքարի դեմ են հանդես գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Էդմոն Մարուքյանը խորհրդարանական պայքարի մեթոդների կողմնակից է, և «Հանրապետություն» կուսակցությունը, որի առաջնորդը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, գտնում է, որ չի կարելի հերթական անգամ ժողովրդին փողոց դուրս բերել և անարդյունավետ պայքարով հիասթափեցնել նրան: Ի պատասխան դրան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում հայտարարել է, որ առանց իր կուսակիցների էլ կկարողանա ժողովրդին փողոց դուրս բերել:
Մինչդեռ նախօրեին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում չի բացառել նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ չնայած այն բանին, որ 2014 թ. հայտարարել էր, որ չի հավակնելու այդ պաշտոնին: «Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»,- ասել է նա: