Արմինֆո.ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ այսօր հնարավոր չէ խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր Արցախի ենթակայության տակ գտնվող 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ են ընթանում՝ նա, մասնավորապես, նշել է. «Այսօր բանակցություններն ընթանում են երկու հարթությունում՝ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի շարունակությունն ապահովելու համար, իսկ հետո առաջընթացի հասնել դրանցում»: Իսկ դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել: «Վստահությունը կայանում է այն բանում, որպեսզի կողմերը չկրակեն: Այդ պատճառով առաջնագծում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատն ընդլայնելու հարց է բարձրացվել: Այսօր առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է այդ պայմանավորվածություններից»,- ասել է Քոչարյանը: Նա նաև հավաստիացրել է, որ այսօր տարածքային փոխզիջումների մասին խոսք չկա:
Քոչարյանը չի պատասխանել այն հարցին, թե ով է ներկայացնելու Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ ապրիլից հետո: Նա միայն կոչ է արել չշտապել և համբերությամբ զինվել: