Արմինֆո. Առաջիկա տարիներին Ղարաբաղի շուրջ բանակցությունները կմեջընդմիջվեն միջադեպերով և միջազգային հանրության ջանքերով` քաղաքական միջոցների պակասի ֆոնին, կանխատեսում է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ելույթ ունենալով Հակամարտությունների, կայունության և անվտանգության բրիտանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Կովկաս՚ ինստիտուտի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները. տեղական և միջազգային տեսակետներ՚ միջազգային խորհդրաժողովում` քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անարդյունավետ են կայուն հրադադարի բացակայության պայմաններում:
«2016 թվականի ապրիլից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջնային են համարում իրավիճակի նորմալացումը: Սակայն, ի հեճուկս պաշտոնական լավատեսության, մի շարք հարցերի շուրջ կողմերի համաձայնության լիակատար բացակայության ֆոնին իրական քայլեր չեն ձեռնարկվում: Որպես արդյունք` հակամարտության կարգավորումը փոխարինվել է դրա կառավարմամբ: Սակայն, նույնիսկ, պաշտոնական Բաքվի հակահայկական հռետորաբանության խորացման ֆոնին Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը պատրաստակամություն են հայտնում շարունակելու բանակցությունները՚, - ընդգծել է նա:
Իսկանդարյանը Բաքվի քաղաքականությունը բնորոշել է որպես խորը կշռադատված և արդյունավետ: Նրա գնահատմամբ, դրա էությունը հակամարտության հայկական կողմերի նկատմամբ Ադրբեջանի ուժային ճնշումն է` մնալով բանակցային գործընթացի շրջանակում: Նրա կարծիքով, Բաքուն ի զորու է ուշադրություն հրավիրիել հակամարտությանը և ունենալ ներգործության ինչ-որ լծակներ` բացառապես նման եղանակներով:
Իսկանդարյանի կանխատեսմամբ, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո իրավիճակի և ուժերի ստեղծված հաշվեկշռի փոփոխություն ակնկալելու հարկ չկա, համենայն դեպս, առաջիկա տարիներին, քանի որ դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան: Որպես արդյունք` Ղարաբաղի շուրջ բանակցություններն այդպես էլ արդյունք չեն ունենա, հատկապես, կայուն հրադադարի և խախտումների կանխարգելման միջոցների բացակայության պայմաններում: