Արմինֆո. Հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի: Այդ մասին մարտի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին:
«Բնականաբար, մենք հետևում ենք այդ ամենին: Եվ, բնականաբար, միշտ պետք է պատրաստ լինենք նրանց ցանկացած քայլի: Այս պայմաններում կարող են հնչել տարբեր մեկնաբանություններ, քանի որ հիմա նախընտրական շրջան է, սակայն պետք չէ ամեն բան միայն դրանով պայմանավորել: Մենք պետք է միշտ ուշադիր լինենք Բաքվի գործողությունների նկատմամբ»,-նշել է փոխարտգործնախարարը:
Նշենք, որ մարտի 12-17- ն Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են ընթանում՝ ադրբեջանական բանակի տարբեր զորամիավորումների մասնակցությամբ: Ինչպես նախօրեին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, միջազգային հանրությունը աչք է փակում Բաքվի ռազմատենչ հռետորության վրա: Նրա խոսքով, Ադրբեջանում անցկացվող զորավարժություններում ներգրավված են ավելի մեծ թվով զինծառայողներ և ռազմական տեխնիկա, քան թույլատրվում է միջազգային համաձայնագրերով:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, արձագանքելով Բաքվի հայտարարությանը, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից անցկացվող զորավարժությունները համապատասխանում են 2011 թ. Վիեննայի փաստաթղթին, նշել է. «Հատկանշական է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետը (որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը)»: