Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է 2008 թվականի մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ «Ելք՚ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիմումը, գտնելով, որ այսօրվա դրությամբ նման անհրաժեշտություն չկա: «Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան՚, - ասվում է Գլխավոր դատախազության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, մասնավորապես, ցանկացել էր լսել Ռոբերտ Քոչարյանի պատասխանն այն հարցին, թե ժամանակին երկրորդ նախագահն ինչի հիման վրա է հանդես եկել հայտարարությամբ, թե 2008 թվականի մարտյան հանրահավաքների մասնակիցները դուրս են եկել մեքենաներից և կրակել ոստիկանների ուղղությամբ: «Ես ուզում եմ իմանալ, թե Քոչարյանին որտեղից նման տեղեկատվություն: Քանի դեռ նա այդ հարցին չի պատասխանել, մարտի 1-ի գործը չի բացահայտվի՚, - հայտարարել էր Փաշինյանը: Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, թե «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը հենց Նիկոլ Փաշինյանն է, ում «շնորհիվ» ինքն ականատես դարձավ «մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին՚: «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»՚, - հայտարարել էր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բողոքավոր ընտրազանգվածը ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ Երևանի փողոցներում պահանջում էր չեղարկել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, հաղթել էր Սերժ Սարգսյանը: Իրավապահ ուժերի և հանրահավաքի մասնակիցների բախումների զոհ դարձավ 10 մարդ: