


Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար այսօր որևէ նախադրյալ չկա: Այդ մասին մարտի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
«Այսօր կողմերը բանակցություններ են վարում ոչ թե հակամարտության կարգավորման շուրջ, այլ այն բանի շուրջ, թե ինչպիսին պետք է լինեն բանակցությունները: Եվ դա օբյեկտիվ է, քանի որ տեսանելի ապագայում խնդրի կարգավորման համար որևէ նախադրյալ չկա»,- ասել է Հարությունանը:
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ հակամարտությունները լուծվում են երկու ճանապարհով. ռազմական՝ կողմերից մեկի լիակատար կապիտուլյացիայի միջոցով կամ խաղաղ բանակցությունների ճանապարհով: Սակայն, փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ չէ գնալ բանակցային ճանապարհով:
Հարությունյանը հիշեցրել է, որ Հայաստանի երեք նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել բանակցություններ վարել՝ կարգավիճակ տարածքների փոխարեն սկզբունքով: «Ի՞նչ է պատասխանում Ադրբեջանն այդ առաջարկներին: Ասում է՝ Ղարաբաղն իմն է, Ղարաբաղի շրջակա տարածքները պատկանում են ինձ, Երևանը նույնպես իմն է: Ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը:



