Արմինֆո. Մարտի 12-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Բակո Սահակյանի ԱՄՆ այցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը: ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: «Բակո Սահակյանի ԱՄՆ այցի, ինչպես նաև Կոնգրեսում միջացառումների անցկացման կապակցությամբ ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, և նրան հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտա», - Trend- ին հայտնել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նաև Պետդեպարտամենտում հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ամերիկյան կողմին է ներկայացրել Ադրբեջանի բողոքը:
«Նոտայում ասվում է, որ հայաստանյան անձնագրով Բակո Սահակյանի այցը ԱՄՆ և այդ երկրում ֆինանսական աջակցություններ ստանալու նպատակով միջոցառումների կազմակերպումը հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերին: Այդ քայլը գնահատվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ գործունեություն», - ասել է Հաջիևը:
Նշենք, որ Արցախի նախագահը Վաշինգտոնում նախատեսում է մի շարք հանդիպումներ և միջոցառումներ անցկացնել: