Արմինֆո.Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը կկայանա ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում: Այդ մասին 2rd.am-ին հաղորդել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա ասելով, այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, «ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն նախաձեռնությունը, որ «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին, առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին, Սողոմոնյանը նշել է. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», - ասել է Սողոմոնյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի երկրորդ նախագահը չի պատրաստվում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման կապակցությամբ հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ, Սողոմոնյանն ասել է. «Ոչ: Նախագահ Քոչարյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին»: