Արմինֆո. Առաջին հերթին ՀՀ պաշտպանության նախարարությունն է շահագրգռված ոլորտում բոլոր իրավախախտումների հայտնաբերման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով նախարարությունում վերջերս հայտնաբերված կոռուպցիոն սկանդալին: «Չի եղել որևէ դեպք, երբ Պաշտպանության նախարարությունն ընթացք չտա նման դեպքերին:
Ցավոք, նման երևույթները դեռ շարունակում են, սակայն դրանք արմատախիլ անելու ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Դա ամենօրյա գործընթաց է»,- հայտարարել է Զաքարյանը՝ միաժամանակ կոչ անելով չդրամատիկացնել իրավիճակը:
Զաքարյանը հայտնել է նաև, որ 45 մլն դրամի չարաշահում կատարվել է նախարարության պաշտոնատար անձի կողմից: Ըստ որում, նա հայտնել է, որ նախարարությունը շատ դեպքերում ձգտում է վերականգնել հասցված վնասը: «Մեղավորներն ամեն դեպքում ենթարկվում են պատասխանատվության»,- հայտարարել է Զաքարյանը: Նշենք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: «28.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։ Լ. Ա.-ն ձերբակալվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ հափշտակած գումարի չափի մասին տարբեր պետական կառույցների տվյալները խիստ տարբերվում են: Եթե Գլխավոր դատախազությունը հայտնում է շուրջ 40 մլն դրամի մասին, Քննչական կոմիտեն մատնանշում է ավելի քան 45 մլն դրամ: