Արմինֆո. Ֆրանսիան իր հստակ վերաբերմունքն է հայտնել Ադրբեջանի նախագահի հայտարարության առնչությամբ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը՝ անդրադառնալով Երևանի նկատմամբ Ալիևի հավակնություններին:
«Ես տեղեկացված եմ այդ հայտարարության մասին, որին հաջորդել է այդ առնչությամբ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը: Ֆրանսիան հստակ դիրքորոշում է հայտնել այդ հայտարարության առնչությամբ, որը միանշանակ է և ոչ երկիմաստ: Խորհուրդ եմ տալիս հղում կատարել այդ առնչությամբ Փարիզի հայտարարությանը, որտեղ Ֆրանսիան դատապարտում է բանակցային գործընթացին խոչընդոտող ցանկացած հայտարարություն»,- ասել է Լակոտը:
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, իր դիրքորոշումը հայտնելով Ալիևի հայտարարության առնչությամբ, մասնավորապես, ընդգծել է. «Ֆրանսիան առաջվա պես լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Կոչ ենք անում հակամարտող կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ և ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան՚ կուսակցության վերջին համագումարում իր ելույթյում նկրտումներ էր արտահայտել Երևանի և Զանգեզուրի նկատմամբ՝ դրանք անվանելով «պատմական ադրբեջանական տարածք՚ և հայտարարելով, թե ադրբեջանցիները «պետք է վերադառնան՚ այդ հողեր: «Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին՚, - ասել էր Ալիև՝ ընդգծելով, թե բոլոր տարածաշրջանային նախագծերից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական տարածքներն ազատագրված չեն՚: